Գրական թերթ, 12/02/2021 ("Ժամանակը սառել էր")
Ժամանակը սառել էր / Հովհաննես ԱԶՆԱՈՒՐՅԱՆ
12/02/2021 , ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹ
Կարին, Մուշ, Անի, Վան
Լ.Բ.
Ժամանակը սառել էր, ժամանակը մեռել էր, ժամանակը կանգ էր առել, ժամանակը դադարել էր։ Սպասում էր, զննում, ականջ դնում, դողդողում։
- Բարի երեկո։ Երկու կապուչինո։ Մեկը՝ շաքարով, մյուսը՝ նորմալ։
Մեծ ուսապարկը մեջքին՝ քայլում էր Աբովյան փողոցն ի վար։ Սուզվեց «Մետրոնոմ» առևտրի կենտրոնի գետնանցումի մեջ, դուրս ելավ գետնանցումից ու դարձյալ գնաց ներքև՝ «Carpisa»-յի, «Ռոբերտո»-յի, «Ռենուար»-ի, «Փարիզյան սուրճ»-ի կողքով։ Հետո կտրուկ թեքվեց ձախ ու հայտնվեց coffee-house-ի փայտե վաճառասեղանի առջև՝ դալանի դիմաց։
- Մե՞ծ, թե՞ փոքր,- վաճառասեղանի ետևից հարցրեց բարիստան՝ դիմակով ու «ՀԱՂԹԵԼՈՒ ԵՆՔ» գրությամբ շապիկով։
– Ի՞նչ։
- Կապուչինոն մե՞ծ, թե՞ փոքր։
- Հա՜… Մեծ,- պատասխանեց տղամարդը և աչքը չկտրելով շապիկի վրայի գրությունից՝ մտածեց. «Ե՞րբ հասցրին էս շապիկները տպագրել»։
Չէ՞ որ ժամանակը սառել էր, ժամանակը մեռել էր, ժամանակը կանգ էր առել, ժամանակը դադարել էր։ Սպասում էր, զննում, ականջ դնում, դողդողում։
Բայց չէր շարժվում։
Ու ոչ ոք չգիտեր, թե երբ նորից կշարժվեն ժամացույցի սլաքները, երբ կհալչի նորից ժամանակը, երբ ամեն ինչ շարժման մեջ կմտնի և կդադարի սպասել…
«Ե՞րբ նորից կշարժվեն ժամացույցի սլաքները,- մտածեց տղամարդը,- ե՞րբ կհալչի նորից ժամանակը, ե՞րբ ամեն ինչ շարժման մեջ կմտնի և կդադարի սպասել»։
Կարին.
«Արդեն գալիս եմ։ Ո՞ւր ես»։
Մուշ.
«Մեզ համար սուրճ եմ պատվիրել»։
Կարին.
«Հիշում ես, չէ՞, ինձ առանց շաքարի։ Բայց ես մի պահ պիտի կոշկակարի մոտ մտնեմ»։
Մուշ.
«Օքեյ»։
Մուշին միշտ թվում էր, թե ինքը շատ բան գիտի ժամանակի մասին։ Այդպես էր թվում նրան։ Միշտ գիտեր, օրինակ, որ ժամանակը կարող է տարբեր լինել։ Որ այս կյանքում այնպես է լինում, որ նայում ես ժամացույցին ու տեսնում՝ ժամանակը վաղուց անցել է, որ իզուր ես սպասել։ Հենց այդ ժամանակ, երբ արագ չես կողմնորոշվում, թե էլ ինչի սպասես, դու մեռած ես լինում։ Գիտեր, որ ժամանակը հիշողություն է։ Գիտեր, որ մարդկային ուղեղը, փա՜ռք Աստծո, ունակ է շատ բան մոռանալու՝ թե՛ ժամանակավորապես, մի կարճ ժամանակով, թե՛ մի երկար ընթացք, և հենց դրանում է փրկությունը։ Իհարկե, գիտեր, որ ժամանակը միշտ գնում է։ Որպես բժիշկ՝ գիտեր, որ ժամանակը պարբերաբար ավարտվում է, երբեմն՝ անսպասելի, բայց միշտ վերջանում է, և միայն այդ ժամանակ է կարիք լինում բարձրանալ աթոռի վրա, բացել պապի մեծ ժամացույցի դռնակները և ժամանակը նորից ընթացքի մեջ գցել։ Բայց նա երբեք չէր կարող ենթադրել, պատկերացնել, որ ժամանակը կարող է անհետանալ, որ կարող է ընդհանրապես չլինել։ Ասես սիրտդ չի խփում, ասես թե համրացել ես, խլացել, կուրացել, ասես՝ ոչինչ չկա։ Ժամանակը կարող է անհետանալ, երբ քեզ ստրկացրել է տագնապը։ Այդժամ դու ուղղակի դադարում ես ապրել։ Ժամանակը անհետանում է այն ժամանակ, երբ ավարտվում է կյանքը։
Կյանքն այդ ժամանակ ավարտվեց։ Եվ միայն թույլ, անվստահ, «թելանման» զարկերակ հայտնվեց, երբ նա տեսավ Կարինեին։ Դուրս գալով «Մետրոնոմ»-ի գետնանցումից, Աբովյան փողոցով ցած իջավ, անցավ «Carpisa»-յի, «Ռոբերտո»-յի, «Ռենուար»-ի, «Փարիզյան սուրճ»-ի կողքով… Կարինեն Մուշեղին սկզբում չնկատեց, իսկ հետո նկատելուն պես գլխով արեց, նշան անելով, որ մտնում է դալանից ներս, որտեղ, ինչքանով որ Մուշեղն էր տեղյակ, կոշկակարի բուդկան էր։ Կարինեն մի կոշիկը պահել էր ձեռքին, այդ պատճառով էլ երկու քառորդ տակտի տակ զվարճալի կաղում էր, իսկ բոբիկ ոտքը զգուշորեն դնում էր մայթի բետոնե սալիկների վրա։
«Կյանքին (կամ մահին) հաղթելու համար, պետք է հաղթել ժամանակը,- մտածեց Մուշեղը:- Քանի դեռ մենք չենք հաղթել մեր ժամանակը, մենք չենք ապրի»։
Մուշեղը վճարեց սուրճի համար, նորից կարդաց վաճառասեղանի մյուս կողմում բարիստայի շապիկի վրայի գրությունը, ապա քայլեց դալանի կողմը՝ երիտասարդ կնոջ հետևից։ Բակի կողմից դուրս գալով՝ տղամարդը թեքվեց կոշկակարի մոտ և ուսով բացեց դուռը։
- Բարև Ձեզ,- կոշկակարին ողջունեց Մուշեղը:- Պրիվե՛տ,- ողջունեց Կարինեին ու մեկնեց նրան կապուչինոյի բաժակը:- Ահա քոնը, առանց շաքարի։
- Վա՜յ, ապրես։
Կոշկակարն արդեն հրաշքներ էր գործում կոշիկի կրունկի հետ, և թվում է, թե ռադիոյով ռազմաճակատից հաղորդվող լուրերն էր լսում։
- Պատկերացնո՞ւմ ես, տնից դուրս եկա, իսկ էս հիմար կրունկս կոտրվեց։ Բայց էլ հավես չկար տուն վերադառնալու։ Մարդիկ ինձ երևի ապուշի տեղ դրեցին։
- Պատկերացնում եմ։
Կինը բոբիկ ոտքը դրեց կոշկակարի՝ դեմ տված թերթի վրա ու սուրճից կում արեց։
– Վա՜յ, ապրես դու։ Ինձ հիմա մենակ սուրճը կփրկեր։
– Դու ո՞նց ես,- նրան ընդհատեց Մուշեղը։
– Բոլորի նման…- հնչեց պատասխանը։
– Հա՜,- մտածկոտ միացավ խոսակցությանը կոշկակարը։ Երևում է նա այնուամենայնիվ մինչև վերջ կենտրոնացած չէր լուրերի ու կրունկի վրա,- մենք հիմա բոլորս ենք բոլորի նման։ Պատերազմ է…
– Պատերազմ է…- կրկնեց Մուշեղը ու մտածեց. «Միայն թե Կարինեն հիմա չսկսի հարցեր տալ»։ Բայց նայելով կնոջը՝ տղամարդը հասկացավ, որ հարցերը սպասվում են հետո, երբ դուրս կգան այդտեղից ու Երևանի աղեղնաձև փողոցներով կքայլեն Կասկադի կողմ։
Երևանի վրա տարածվում էր մթնշաղը, և տարօրինակ էր դա չնկատելը։ Չէ՞ որ ժամանակը սառել էր, ժամանակը մեռել էր, ժամանակը կանգ էր առել, ժամանակը դադարել էր։ Եվ ինչպես պարզ կդառնա հետո, ժամանակը կանգ էր առել պատերազմի ուղիղ քառասունչորս օր, իսկ հետո այն այնպես կանհետանա, ասես երբեք ժամանակ գոյություն չի էլ ունեցել, իսկ հետո կգա անժամանակ աշունը, նրանից հետո՝ անժամկետ ձմեռը։ Եվ ինչ-որ մեկն անպայման կասի. «Ասո՜ւմ էի, չէ՞»։
Պայծառատեսները երկու տեսակի են լինում։ Առաջինները սովորաբար չարախնդում ու ուրախանում են. «Ասո՜ւմ էի, չէ՞»։ Սրանք շահամոլ պայծառատեսներն են։ Նրանք, ում ինչ-որ բան է պետք։ Բայց կան նաև երկրորդ տիպի պայծառատեսներ։ Երբ պոկված ու արյունոտ սիրտն ափի մեջ մեկնած ու ցավից ձայնը կորցրած՝ շշնջում են. «Բայց ես ասում էի, ես նախազգուշացնում էի…»։ Առաջինն էլ, երկրորդն էլ նույն քանակով գոյություն ունեն։
– Րյուկզակիդ մեջ ի՞նչ է,- հարցրեց Կարինը։
- Դեղորայք, բինտ, մառլյա, ներարկիչ, թել… Դեղատնից առա,- պատասխանեց Մուշը,- մեքենայի մեջ էլ տուփեր կան։ Հիվանդանոցի բակում եմ թողել մեքենան։
Կոշկակարը շարունակում էր հմտորեն դխկդխկացնել փոքր մուրճիկով և շուրթերի արանքում հինգ-վեց հատ փոքր մեխ սեղմած պահելով՝ լսում էր նրանց զրույցը։
- Հաստա՞տ ես որոշել գնալ,- հարցրեց Կարինը Մուշին։
- Հա՛, իհարկե։ Վանիկն ախր էնտեղ է։ Եվ ընդհանրապես…
– Էդպես էլ լու ր չկա՞ երեխուց։
- Չէ՛…
Վերջին մեխը խփելով՝ կոշկակարն ասաց.
-Ես էլ էի առավոտը գնացել կամավոր գրվելու։ Բայց ինձ չվերցրին։ Ոտքիս պատճառով…
– Ես ոչ մի տեղ էլ չեմ գրվել։ Ուղղակի գնում եմ,- բացատրեց Մուշեղը։
Բայց կոշկակարն ասես նրան չլսեց ու կրկնեց.
– Ես էլ էի առավոտը գնացել կամավոր գրվելու։ Բայց ինձ չվերցրին։ Ոտքիս պատճառով։ Պրոթեզ է։ Էն մի պատերազմից։ Ասում են՝ հիմա շատ լավ պրոթեզներ են դնում։ 90-ականներին կարգին բան չկար։ Բայց ասա՝ ի՞նչ կար 90-ականներին։
- Հա՛, 90-ականներին ամեն ինչ ուրիշ էր,- համաձայնեց Մուշեղը և նայեց, թե ինչպես է Կարինը սուրճը խմում։
– Էսօր վոյենկոմատում…- սկսեց պատմել կոշկակարը,- միջին տարիքի մի մարդ եկել էր, որ կամավոր գրվեր։ Մեկ էլ սեփական հորը տեսավ՝ բիձա մարդ, եկել էր հերթի մեջ կանգնել։ «Ա՛յ պապ,- զարմացած հարցնում է,- դու էստեղ ինչ ես անում, հը՞»։ Բիձեն նայեց տղուն, մեկ էլ. «Այ քաքլա՛ն, բա գիտեիր հայրենասիրությունը մորի՞ցդ ես ժառանգել»։ Բոլորս խնդացինք։
– Գրանցեցի՞ն պապիկին,- հարցրեց Կարինեն։
- Չէ հա՜։ Ասեցին՝ գնա՛ տուն, ոտքի տակ մի՛ ընկի։ Նա էլ գնաց՝ քֆրտելով… Վերջ։ Ես գործս պրծա,- ու կոշկակարը սեղանի վրայով մեկնեց կոշիկը։
Մուշեղը ծնկի իջավ ու Կարինեի ոտքին հագցրեց կոշիկը։ Հետո ոտքի ելավ, վճարեց կոշկակարին, վերցրեց իր ուսապարկը, ու նրանք դուրս եկան՝ կապուչինոյի դատարկ բաժակները գցելով մուտքի մոտ դրված աղբանոթի մեջ, որի վրա գրված էր. «Դիմակների ու ձեռնոցների համար»։ Երբ Մուշեղը նայեց Կարինեին, հասկացավ, որ կինը լալիս է։
– Ի՞նչ եղավ։
– Էսքան ժամանակ դեռ ոչ մի տղամարդ ծնկի եկած ինձ կոշիկ չի հագցրել։ «Մոխրոտիկը» կարդալուց հետո միշտ էդ եմ երազել։
– Ահա…
Դուրս եկան Տերյան փողոց, բարձրացան, ապա թեքվեցին Մոսկովյան, անցան Պրոսպեկտը և անցնելով Սարոյանի հուշարձանի կողքով՝ գնացին դեպի Գաֆեսճյան այգի, քանդակների ու ինստալյացիաների մոտով՝ Կասկադի կողմը։
– Անին ո՞նց է։ Դիմանո՞ւմ է։
Մուշեղը չէր սիրում, երբ Կարինեն կնոջից հարցեր էր տալիս։ Հակիրճ պատասխանեց. «Դիմանում է, բայց մանրից խելագարվում է», ու հիշեց Անիի վերջին խոսքերը, երբ արդեն տան միջանցքում էր ու հրաժեշտ էր տալիս.
– Երեխուս ե՛տ բեր, հետո ինչ ուզում ես՝ արա։ Ուզում ես՝ թող, գնա։ Ուր ուզում ես։ Ում մոտ ուզում ես։ Մենակ թե տղուս ետ բեր…
Ամենասարսափելին այն էր, որ այդ պահին սենյակից դուրս եկավ հայրը, ծեր, շատ ծեր Վան ավագը, Վան Մուշեղովիչը։ Նա գրկեց քառասներեքամյա որդուն ու ուղիղ ականջի մեջ շշնջաց այնպես, որ Անին չլսի (երբ սկեսրայրը հայտնվում էր, ինքը մի կողմ էր քաշվում).
– Եթե շրջափակման մեջ ընկնեք… Եթե զգաս, որ գերի ընկնելուց չեք խուսափի, Վանիկի վրա կրակի՛ր, հետո քեզ վրա կրակի՛ր։ Էս ազգանունով, ոնց որ մերն է, ավելի լավ է մեռնել, քան դրանց գերի ընկել… Լսեցի՞ր։
Մուշեղը համբուրեց հորն ու հեռացավ։ Ու ամբողջ օրը մտածում էր. «Ո՞նց նա դա կաներ։ Ո՞նց կկարողանա դա անել։ Հնարավո՞ր է դա»։
Մինչ բարձրանում էին Կասկադի աստիճաններով, Կարինեն պատմեց, թե ոնց էր առավոտյան մետրոյով գործի գնալիս զարմանում, որ վագոններում տղամարդ չկար։ Մի երկու-երեք պապի, մնացածը՝ կնանիք։ Ի՞նչ է, բոլորը զինկոմիսարիատների պատերի տակ հերթապահո՞ւմ են։ Հետո ասաց նաև, որ սկսել է քողարկող ցանցեր գործել։
- Ֆեյսբուքում հայտարարություն կար, ես էլ գնացի։ Մեր դպրոցում էր՝ պարզվեց։ Դասատուներն էլ, աշակերտերն էլ, կամավորներն էլ, բոլորն էնտեղ են։ Ով ասես, որ չկա։ Նույնիսկ բալետի մի պարուհի ու ֆլեյտահարուհի։ Մեզ ձկնորսական ցանցեր ու գործվածքի կտորտանք են բերում (չգիտեմ որտեղից են, բայց մենք դրանց «եղևնիներ» ենք անվանում, տարբեր չափսերի են լինում)։ Մենք կտրում ենք, տեսակավորում ենք ըստ չափսերի, հետո էդ «եղևնիները» կապում ենք նախասրահում կախված ցանցի վրա։ Մեզ մոտ արդեն երկու անգամ նախարարությունից կին է եկել, մաստեր-կլասս է անցկացրել։ Հպարտացի՛ր ինձանով, Մո՛ւշ։ Ես արդեն ոչ միայն տեսակավորող, նույնիսկ կտրտող չեմ, այլ ինձ արդեն նշանակել են ցանցին «եղևիներ» կապող։ Բա՜։
– Ապրե՛ս դու։
– Չգիտեմ,- գլուխն օրորոց Կարինեն,- մեր տղերքին իսկի պե՞տք են էս քողարկման ցանցերը, թե չէ, բայց գոնե էս զբաղմունքը օգնում է շատերիս, որ չգժվենք… Բա գիտե՞ս, մի տիկնոջ աչքի գրողն եմ դարձել. միշտ գալիս, կողքիս է կանգնում, երբ ցանցն ենք գործում, ու ես էլ ականջակալներով եմ աշխատում ու չեմ լսում իր պատմությունները անթիվ-անհամար սիրեկանների ու պսակվելու մեծ ցանկության մասին… Իր տղան էլ է էնտեղ, գիտես… Վանիկի նման ժամկետային է։ Էնտեղ էր ծառայում, երբ սկսվեց։
- Հա՛, Վանի նման,- ինքնամփոփ ասաց Մուշը։
– Ու լուր չկա։
– Ոնց որ չկա Վանից,- ինքնաբերաբար ասաց Մուշը։
– Իսկ մի օրից գնում եմ ընկերուհուս մոտ,- շարունակեց իր մասին պատմել Կարինեն, մենք էնտեղ ծանրոցներ ենք հավաքում ու փախստականներին օգնություն բաժանում։ Էնքան շա՜տ են, էնքան շա՜տ են։ Լինում է զանգում եմ, հարցնում՝ ում կոնկրետ ինչ է պետք։ Երեկ էսպիսի մի խոսակցություն եղավ.
«Գրում եմ։ Կոշիկ։ Աղջկա։ 36 չափսի։ Տղա երեխա։ 12 տարեկան։ Ինչ-որ տաք բան։ Հա, իհարկե։ Կգտնենք։ Լավ։ Գրեցի։ Իսկ պապիկի՞ն։ Ասեցիք, որ պապիկ էլ կա։ Պապիկին ի՞նչ է պետք»։
«Դե… Ոչ մի բան… Դեմք է մեր պապը։ Փնթփնթում է, թե ինչու բերեցինք էստեղ, ուզում էր մնար էնտեղ… Հազիվ մեքենա նստեցրինք»,- պատասխանում է կինը գծի մյուս ծայրին։
«Գուցե ի վերջո մի բան էլ պապիկի համար դնենք»,- պնդում եմ ու լսում եմ լսափողի միջից. «Պապի՛, քեզ ինչ-որ բան պե՞տք է»։ Եվ ահեղ պատասխան. «Ինձ ո՛չ մի բան էլ պետք չի»։
«Ասում է՝ ոչ մի բան։ Բայց եթե լինի, եթե կարելի է… կոշիկ, 43 չափսի… հողաթափերով է, էդպես է եկել։ Ամեն ինչ էնտեղ է մնացել… Դեռ վաղը չէ մյուս օրն էլ պիտի իրեն հիվանդանոց տանեմ… Հիվանդացել է»։
«Լավ… Իսկ ձե՞զ»։
«Վայ, ի՞նչ եք ասում։ Աստծու սիրույն։ Ինձ բան պետք չի»։
«Հասցեն ասե՛ք…»
Այ էսպես, սիրելի՛ս։ Գլուխդ տարա՞։
- Չէ՛,- անկեղծ պատասխանեց Մուշեղը։
Նրանք բարձրացան Կասկադի վերջին հարկաբաժինը, այնտեղ նստեցին դեպի համերգային դահլիճ տանող աստիճանների վրա ու ծխեցին։
Կարինեն այդպես էլ այլևս հարց չտվեց։ Ծխեցին, նայեցին, թե ինչպես է այնտեղ հեռվում, գրեթե Երևանի ետևում վարդագույնին տալիս Արարատը՝ շփոթված պատսպարվելով մոխրագույն ամպերի ետևում, և լռեցին ողջ ընթացքում… Մուշեղին դեպի հիվանդանոցի բակում կայանած մեքենան ուղեկցելիս (Կասկադից դուրս եկան Պրոսպեկտ, ապա գնացին Կորյունի փողոցով, հետո մինչև Աբովյան փողոց, այնտեղից էլ՝ վերև) միայն Կարինեն ասաց.
– Եթե մեռնես, քեզ դա երբեք չեմ ների։
Մուշեղը նստեց ղեկին և սլացավ Ստեփանակերտ։ Նա դեռ չգիտեր, ոչ մի կերպ չէր կարող իմանալ, որ առաջին իսկ օրը նա կտեսնի որդուն հինգ կիլոմետր հեռու այն տեղից, որտեղ Մուշեղի իմանալով ծառայում էր տղան։
Նրանց տարհանել էին անտառներ, որովհետև հակառակորդի հարձակումը սկսվել էր այն պահից, երբ մեր բոլոր ստորաբաժանումները ռմբակոծել էին ԱԹՍ-ները։ Չգիտեր, որ որդուն հանդիպելուց հետո կուղևորվի Ստեփանակերտի տարածքային հիվանդանոց, որտեղ կբերեն բազմաթիվ վիրավորներ, և առաջին երկու օրը նա կվիրահատի, կօգնի տեղացի բժիշկներին։ Այն ժամանակ նա չէր կարող իմանալ, բայց հետո նրան կզանգահարի որդին ու կասի, որ նրանց ուղարկում են հյուսիս։ Նա միանգամից իր մեքենայով կսլանա նրանց ետևից և ճանապահին կհասնի նրանց։ Իր մեքենան կթողնի, կնստի «Ուրալ» և նրանց հետ կգնա ճակատ։ Չգիտեր, որ մնացած քառասուն օրը նա արդեն որպես զինվոր կլինի որդու կողքին նրա ստորաբաժանման մեջ։ Եվ արդեն ձեռքին հրաձիգ կբռնի։
Մուշեղն այն ժամանակ չգիտեր, որ միայն Արցախում գտնվելու իր վերջին օրը դարձյալ կաշխատի որպես վիրաբույժ։ Կփրկի մի վիրավորի։ Եվ դա կլինի Կարմիր Շուկայի մոտ։ Նա վիրահատությունը կկատարի դաշտային հիվանդանոցում, որը նրանք կստեղծեն ավտոտնակում։ Այդ ժամանակ բոլորը մտածելիս կլինեն, թե Կարմիր Շուկան արդեն թշնամու ձեռքում է։ Բոլոր դաշտային հիվանդանոցներն այդ ժամանակ արդեն տարհանված կլինեն, Շոշ գյուղի կողմից ճանապարհը փակ կլինի, շտապ օգնության մեքենաները մեծ դժվարությամբ կանցնեն։ Վարդանի բրիգադում կիմանան, որ ինքը բժիշկ է։ Նրան ռացիայով կխնդրեն բարձրանալ իրենց մոտ։ Այնտեղ կլինեն բուժքույր-կամավորներ, նրանք գործիքներ կունենան, և Մուշեղը կխնդրի, որպեսզի բերեն ամենը, ինչ ունեն՝ թելեր, ստերիլ բինտեր, մառլյա։ Վիրահատությունը բարեհաջող կանցնի, իսկ հետո վիրավորին մոլորված լրագրողների հետ «նիվա»-յով կուղարկեն Ստեփանակերտ։ Այսինքն՝ մեծ հաշվով նա վիրաբույժ կաշխատի ընդամենը երեք օր։
Մուշեղը չգիտեր, որ նա կարող է հայտնվել ամենաթեժ կետերում։ Հյուսիսից հետո՝ Ջաբրայիլ, Հադրութ, ապա նորից Ջաբրայիլ, Ջաբրայիլ-Հադրութ և Ֆիզուլի տանող ճանապարհների «9-րդ կիլոմետր»-ում։ Ամենուր նա կլինի որդու հետ և ողջ կմնա միայն Աստծո կամոք և պատահաբար։ Պատահականությունն էլ է Աստված։ Հետախույզների նրանց ջոկատում սկզբում կլինի քսանյոթ մարդ, իսկ վերջում կմնան տասնյոթը. ինքը՝ Մուշեղը, քառասներեքամյա բժիշկը Երևանից և տասնյոթ հոգի քսանամյա տղեկներ, որոնք զինվորական համազգեստի մեջ ավելի մեծ կթվան։ Եվ նա ամբողջ ընթացքում կմտածի. «Ո՞նց են կարողանում էս երեխաները կյանքից էսքան բան հասկանալ, որ կարողանում են էսքան խիզախ մնալ»։
Չգիտեր, որ դիրքերից մեկը, որտեղ ինքը որդու հետ կլինի, ութ-ինը ժամ շարունակ կենթարկվի հրետանակոծության։ Զենքը կլինի ամենատարբեր տրամաչափի։ Նա չգիտեր, որ Աստծուն շնորհակալ կլինի, եթե հակառակորդը խփի վաթսունմիլիմետրանոց ականանետով։ Եթե «Գրադ» ու ԱԹՍ լինեն, նա նույնիսկ չի կարողանա ոչնչի մասին մտածել։ Հակառակորդը ԱԹՍ-ները կօգտագործի տարբեր նպատակներով։ Դրանք մի քանի տեսակի կլինեն։ Օրինակ, կլինեն «նշանառու»-ներ։ Դրանցով հակառակորդը պտույտներ կանի դիրքի վերևում, իսկ չորս րոպե անց հրետանին կսկսի անվրեպ խփել դիրքին։ Նա չգիտեր, որ այդպես կլինի Ջաբրայիլում, երբ նա կմտածի, թե արդեն մեռել են։ Նա էլ ոչինչ չի զգա։ Ոչինչ չի տեսնի։ Ամենուր կլինի սև ծուխ, նրա վրա քարեր կընկնեն, ինչ-որ բեկորներ։ «Վա՛ն, Վա՛ն»,- ձայն կտա որդուն։ Եվ երբ որդին կշրջվի, նա կհասկանա, որ ողջ են։ Հրետանակոծման ու ռմբակոծման ողջ ընթացքում նրանք կթաքնվեն «ճեղքերում»։ «Ճեղքը» գետնահյուղեր են, որջեր։ Լայնությունը մեկ մետր է։ Այնտեղ նույնիսկ գետնին կարգին նստել չի լինում։ Իհարկե, եթե «Գրադը» հենց դրա վրա ընկնի, այդ ճեղքն էլ չի փրկի։ Բայց ականանետերից ու բեկորներից «ճեղքերը» կկարողանան փրկել։ Մի դիրքը յոթ դիտակետ է, տասը տեղանոց բլինդաժ և տասներկու տեղանոց ճեղք։
Նա այդ ժամանակ դեռ չգիտեր, որ Վանը վիրավորում կստանա Սարուշեն գյուղում, Կարմիր Շուկայից ոչ հեռու։ Նրանց առջև կլինի, այսպես կոչված, Դժոխքի Ձորը։ Այնտեղ կլինեն յոթ-ութ գյուղ։ Նրանք այնտեղ կպահեն գյուղի հրշեջ ծառայության մոտ գտնվող առաջին դիրքը։ Եվ հանկարծ կսկսվի ականանետումը։ Ականը կընկնի հարևան տանիքի վրա։ Նրանք դուրս կվազեն, որպեսզի թաքնվեն մոտակա խրամատի մեջ։ Բայց կլսվեն երրորդ-չորրորդ հարվածները, և նրանց կծածկի պայթյունի ալիքը։ Դարձյալ ծուխ կլինի, նա ոչինչ չի կարողանա տեսնել։ Որդին ու նրա ընկերները կլինեն առջևում և մի կողմ կշպրտվեն, և Մուշեղը նորից ձայն կտա. «Վա՜ն, Վա՜ն…»։ Մի քանի րոպե գիտակցությունը կկորցնի։ Իսկ երբ ուշքի կգա, ոչ հեռու ընկած որդուն կգտնի և կշոշափի զարկերակը։ Միանգամից չի ստացվի դա անել, քանի որ չի կարողանա ետ ծալել հագուստի թևքը։ Վանը ծանր վիրավորված և կոնտուզիահար կլինի, բայց Մուշեղին այնուամենայնիվ կհաջողվի շոշափել թույլ, անվստահ, «թելանման» զարկերակը, և նրանք այդ ժամանակ կփրկվեն (բոլոր տասնյոթը) միայն այն բանի շնորհիվ, որ պատահաբար, չգիտես որտեղից այդտեղ կհայտնվի մի բեռնատար և նրանց կտանի դեպի Ստեփանակերտ։ Արդեն Ստեփանակերտում նրանք նորից կենթարկվեն ռմբակոծության։ Այդ ժամանակ նրանց բեռնատարը այնպես կքոթակվի, որ նրան նորից կթվա, թե մեռնում է։ Նրան կթվա, թե ամեն բան կորցրեց։ Նրան կթվա, որ ուզում է ձայն տալ՝ Կարի՜ն, Անի՜, Վա՜ն, Մո՜ւշ, բայց դա նրան չի հաջողվի, որովհետև նրանք արդեն չկան։
Եվ ժամանակն էլ չի լինի, ասես երբեք գոյություն չի էլ ունեցել։ Չէ՞ որ ժամանակը անհետանում է, երբ ավարտվում է կյանքը։ Իսկ նա ոչ մի կերպ չի հասկանա՝ դեռ ո՞ղջ է, թե՞ մեռած։ Թե բոլորն արդեն մահացե՞լ են։ Զոհվե՞լ են։
Միայն պոկված ու արյունոտ սիրտն ափի մեջ մեկնելով, ցավից ձայնը կորցրած՝ կշշնջա. «Կարի՜ն, Անի՜, Վա՜ն, Մո՜ւշ»։
Նա ինքն իրեն ձայն կտա ու չի լսի…
Սակայն այդ ամենից ոչ մի բան դեռ Մուշեղին հայտնի չէր։ Նա հիմա միայն շտապում էր Ստեփանակերտ՝ մեծ հույս ունենալով, որ կկարողանա կատարել Կարինեին, Անիին ու հորը՝ Վանին տված երդումը։
***
Նա գիտեր, հիշում էր, թե ինչպես այն պատերազմում վերցրեցին Շուշին. նրա հայտնի հայրը՝ Վան Մուշեղովիչը, այն ժամանակ Մուշեղին իր հետ էր վերցրել։ Դա լեգենդար օպերացիա էր։ Եվ նրան անհասկանալի էր, թե ինչպես այս պատերազմում հակառակորդին հաջողվեց վերցնել այդ բարձրությունը, չէ՞ որ Շուշին անհնար է վերցնել։ Չէ՞ որ գրոհ չէր եղել։ Բայց նա ռազմական մասնագետ չի։ Նա բժիշկ է և քաղաքականությունից, ինչպես ռազմական գործից ոչինչ չի հասկանում։
Մուշեղը երկար ժամանակ պառկած կմնա հարազատ երևանյան հիվանդանոցում. նորից սկսի խոսել, նորից կսովորի քայլել, գդալ ու պատառաքաղ բռնել և շարունակ նայել ու նայել, թե ինչպես է պատուհանից այն կողմ գալիս անժամանակ աշունը, իսկ դրանից հետո՝ անժամկետ ձմեռը։
Երևան, 6 հունվարի 2021 թ.
Թարգմանությունը՝
Մարիա ԼԱԶԱՐԵՎԱՅԻ