"Армав.орг" 4.02.2019 ("Յոթ նախերգանք՝ բազմապիսի տոնայնություններով")

Յոթ նախերգանք՝ բազմապիսի տոնայնություններով
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԱԶՆԱՈՒՐՅԱՆ

Նախերգանք 1, Դո մաժոր, C-dur

Հունվարի 3: Կինս, աղջիկս, ես, մետրոյով գնում ենք ընկերների մոտ՝ Նոր տարին շնորհավորելու: Շուտով ինչ-որ չքավոր է գնացք մտնում ու սկսում է անցնել գնացքի մի ծայրից մյուս ծայրը, բանաստեղծություններ կարդալ և մանրադրամ հավաքել:

Մեր դիմաց մի ուղևոր է նստած, տեսքից հարուստ է, որի հետ, սակայն, ինչ-որ աղետ է պատահել այս գիշեր, ու այդ պատճառով էլ նա մետրոյում է հայտնվել (տրորված, չքնած, աչքերը՝ կարմիր, մազերը՝ գզգզված). նա աղքատին խնդրում է կարդալ հայտնի հին պոեմը: Չքավորը կանգ է առնում նրա առջև, հետ գցում գլուխն ու սկսում կարդալ, ու բոլորը ժպտում են՝ զարմանալով, որ բոմժը հիանալի պոեզիա գիտի, և երբ չքավորը ավարտում է պոեմը, ունևորը նրան միանգամից 100$ է տալիս, և այնուհետև դուրս գալիս իր կայարանում: Չքավորը, թվում է, թե իր երջանկությունից շշմած (այն ժամանակ դա մեծ գումար էր համարվում, և այդչափ փող, նա, անկասկած, երբեք չէր տեսել), չի համարձակվում շարժվել ու դեռ ձեռքի մեջ է պահում հարյուրանոցը: Մեկ կանգառ անց դուրս է գալիս և ինքը, ու մետրոյում այլևս այդ չքավորին երբեք չեն տեսնի: Իսկ ի՞նչ կլինի ունևորի հետ, շուտով բոլորին հայտնի կդառնա: Մի երկու օրից նա ինքնասպան կլինի: Հեռուստացույցով ցույց կտան, ու ես այդ հարուստին լուսանկարով կճանաչեմ…










Նախերգանք 2, Լյա մինոր, a-moll


Նա գերմաներենի մասնագետ է: Նրա մոտ երկու աշակերտ է հայտնվում՝ երիտասարդ զույգ, որը պատրաստվում է Գերմանիա մեկնել՝ աշխատանքի: Նա դառնում է կնոջ սիրեկանը: Ոչ ոք այդպես էլ չիմացավ. ամուսինը մենա՞կ մեկնեց Գերմանիա, թե՞ ամուսինը մնաց, և Գերմանիա մեկնեցին սիրեկանները:


Սկսվեց այդ կապը անսպասելի, երբ ամուսինը հիվանդացավ և չեկավ պարապունքի: Կինը մենակ գնաց: Ամենն ինչ-որ շատ արագ ստացվեց: Խելահեղություն կար և ինչ-որ գինովություն… Հաջորդ դասին նա նորից առանց ամուսնու եկավ (նա դեռ հիվանդ էր), ու նրանք կրկին զբաղվեցին սեքսով: Երբ կինը գնաց (այն՝ երկրորդ անգամը), նա որոշեց, որ մյուս դասին ինքը կհայտարարի, որ կարևոր գործեր են առաջացել, որ նա մեկնում է քաղաքից, և որ դասեր այլևս չեն լինելու: Սակայն երբ աշակերտները եկան (ամուսինն ապաքինվել էր), կինը այնպես էր նայում իրեն, որ նա ոչինչ չհամարձակվեց ասել: Մի երկու օրից կինը զանգեց նրա բջջայինին և ասաց, որ չի կարող ապրել առանց նրա, որ իրեն դուր է գալիս սեքս անել նրա հետ (նա հենց այդպես էլ ասաց՝ «սեքս անել»), որ ինքը անբախտ է, որ ամուսինը մինչ երեկո աշխատավայրում կլինի, և այդ պատճառով ինքը հիմա գալիս է նրա մոտ: Եվ նա եկավ: Եվ նրանք «սեքս «արեցին» », ու նույնիսկ հետո թխվածքով թեյելու ժամանակ մնաց (երբ կինը զանգեց, նա դիմացի խանութ վազեց ու ամեն տեսակ խմորեղեն գնեց): Նրանք արդեն սկսեցին կանոնավոր հանդիպել, ու նրան դուր չէր գալիս, որ կինը հակաբեղմնավորիչ հաբեր է կուլ տալիս, ու դուր չէր գալիս, որ նա չի ցանկանում բաժանվել ամուսնուց:


Երբ նա հղիացավ, ասաց նրան, որ երեխան իրենից է, ու որ նա է մեղավոր, որ ինքը հղիացել է, քանի որ տղամարդը հակաբեղմնավորիչներ չէր սիրում: Ու նաև նա ասաց, որ ամուսինը երջանկացավ, երբ իմացավ իր հղիության մասին…






Նախերգանք 3, Դո մաժոր, Cis-dur


Բոլորն արդեն գնացել էին, և «Դինգո» կոչվող ռեստորանում հիմա արդեն ոչ ոք չկար՝ մի հաճախորդից բացի: Մատուցողներն արդեն հավաքում էին սեղանները, և, հատակին նետելով սփռոցները, աթոռներն էին բարձրացնում:


Այդ հաճախորդը ճերմակ մազեր, կնճռոտ դեմք ու բարակ շուրթեր ուներ: Նա հանեց պիջակը, թուլացրեց փողկապը: Նա արդեն հարբածության այն աստիճանին էր, երբ սովորական մարդիկ գլուխները սեղանին են գցում ու քնում, բայց այս մարդը, հավանաբար, յուրահատուկ էր: Նա, գլանակը գլանակի հետևից, անվերջ ծխում էր, նստած լինելով կաբինետային փոքրիկ ռոյալի կողքին, արմունկով հենվելով ու գլուխը կախելով, դաշնակահարի նվագն էր ունկնդրում: Ժամանակ առ ժամանակ, նա ինքն իր համար բաժակի մեջ օղի էր լցնում (օղիով շիշը, դատարկ ափսեի հետ միասին, ռոյալին էր դրված) ու խմում էր:


Հարբած, արտասվող աչքերով նա դաշնակահարի ձեռքերին էր նայում (կոնսերվատորիայի քսաներկուամյա ուսանող՝ վաստակող «Դինգո» ռեստորանում) ու անվերջ խնդրում էր նվագել այս կամ այն երգը, կամ էլ՝ այլ ստեղծագործություն:


-Իսկ սա գիտե՞ս: Բա կարո՞ղ ես սա նվագել:


Ու ուսանողը նվագում էր և զարմանում, որ հարբած ծերուկը ոչ միայն այդքան երգ գիտի, այլև լավ կրթված է ու հիանալի գլուխ է հանում դասական երաժշտությունից:


Երբ արդեն ժամը երեքը դարձավ, ծերուկը սկսեց հավաքվել: Նա ուսանողի գրպանը խոշոր գումար մտցրեց, ուսին խփեց ու, ինչ-որ տխրությամբ և դառնությամբ ժպտալով, արտաբերեց.


-Ամեն ինչ եմ տեսել այս կյանքում, ամեն ինչ վերապրել, նույնիսկ ստիպված եմ եղել մարդ սպանել, իսկ այ որևէ գործիքի տիրապետել, այդպես էլ չսովորեցի... Ու անցավ դեպի ելքը:


Ուսանողը երկար նայեց նրա հետևից: Նա երբեք չեր հանդիպել մարդու, ով մեկ այլ մարդու է սպանել, ու նա շատ էր մտածում այդ մասին:


Ու մեկ էլ, տունդարձի ճանապարհին ուսանողը մտածում էր այն մասին, թե ինչ պիտի գնի այս գիշեր վաստակած գումարով:






Նախերգանք 4, Ֆա մինոր, f-moll


Այն ամառ, երբ նա Ամերիկա մեկնեց, սկզբնական շրջանում ինքը կարոտում էր, իրեն միայնակ էր զգում, բայց հետո սովորեց ու արդեն սկսեց դուրս գալ տանից, հաճախ հանդիպել ընկերներին, որոնք համառորեն նրան որևէ խմիչքարան էին տանում, ու այնտեղ նրանք խմում էին, ուտում էին, ապա նորից էին խմում, իսկ հետո գնում էին աղջիկների մոտ: Նրանցից շատերը, ինչպես ինքը, ամուսնացած էին և «աղջիկների մոտ այցերը» պրոֆիլակտիկ գործ էին համարում, ինչպես և ալկոհոլը: Նրանք բոլորը կարծում էին, որ տղամարդուն ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է թեթևանալ, և նրանք նման կերպ էին թեթևանում, ինքն էլ նրանց հետ:


Ու նրան զարմացնում էր այն, որ նա խղճահարություն չի զգում: Չէ՞որ նա հեռու է, մտածում էր նա կնոջ մասին, ու այն, ինչով ինքն էր զբաղվում, ոչ մի նծշանակություն չունի, թեև երբեմն ինքն իրեն վերջացած խոզ էր զգում, մանավանդ, երբ զարթնում էր մի անկողնում՝ երեք աղջիկների հետ: Ժամանակն անցնում էր, ամառը ավարտին էր մոտենում, և նա արդեն այլևս վերադարձի չէր սպասում: Բայց օգոստոսի վերջում՝ նրա վերադարձից մեկ շաբաթ առաջ, կինը զանգեց նրան և հայտնեց, որ հետդարձի տոմսը ետ է տվել, ու չի պատրաստվում հետ գալ:


Նա ոչինչ չէր պատրաստվում բացատրել, միայն խորհուրդ տվեց համակերպվել այդ մտքին, ու որքան շուտ, այնքան լավ նրա համար: Նա էլ հեռախոսով նրան հեռու ուղարկեց, միայն ավելացրեց, որ նրան չի հաջողվի վերցնել աղջկան, ու հենց այդ երեկո այնպես հարբեց, որ առավոտյան գլուխը ցավում էր, ասես որևէ ծանր բանով հարվածից հետո, ու նա վերջնականապես որոշեց հանել նրան իր մտքից, թեև զգում էր, որ դա շուտ չի ստացվի:


Նա զգոնացավ, ավելի լավ զգաց իրեն ու գնաց աշխատանքի: Տարօրինակ զգացողություն ուներ նա աշխատավայրում, կարծես թե բոլորն արդեն ամեն ինչ գիտեին ու ինչ-որ տարօրինակ ձևով էին նայում նրան: Եվ նա զարմացավ. ախր դեռ ոչ ոք չպիտի՛ իմանար: Ուրեմն որտեղի՞ց գիտեն բոլորը: Նա ձևացնում էր, իբր ոչինչ չի նկատում, բայց ինքն իրեն անհարմար էր զգում: Առոջության պատրվակով գործից թույլտվություն խնդրեց ու տուն գնաց: Անկյունից անկյուն էր գնում, մտածում էր, հայհոյում, ծխում, հետո ինչ-որ տեղ՝ սրտի տակ, ճմլող կարոտ զգաց, այնուհետև նորից սկսեց հայհոյել ու միայն այնժամ հանգստացավ, երբ ընկերներից մեկը զանգեց և առաջարկեց երեկոյան «գնալ- որևէ- տեղ-խմել- որևէ- բան»… Նա հրաշալի գիտեր ինչով է այդ ամենն ավարտվելու, ու մտածեց՝ «Իսկականն է»:


Խմիչքարանում նա հատուկ համառությամբ էր խմում, ու ինքն իր մեջ մտածում, որ չնայած այն բանին, որ նրան հեռախոսով այդքան արագ գրողի ծոցն ուղարկեց, ինքը լրիվ կեղտի մեջ է: Այո՛: Կեղտի: Որովհետև առանց նրա կկորչես: Ախր կկորչես, ասաց ինքն իրեն, շան պես կսատկես: Ու նա շարունակեց խմել:






Նախերգանք 5, Լյա մաժոր, A-dur


Նա քառասուն տարեկան է: Նա վերջացած հարբեցող է: Նրա մայրը պատմում է՝ երբ նա մանկապարտեզ էր գնում, դաստիարակը երեխաներին առաջարկեց ազատ թեմայով որևէ բան նկարել: Երբ նա ավարտեց և նկարը ցույց տվեց դաստիարակին, վերջինս խնդրեց բացատրել (նա ոչ այնքան լավ էր հասկացել իմաստը): Ու նա ասաց.


-Սա հարբած մարդ է, որը հենվել է ծառին…


Կանխագուշակեց իր ճակատագիրը…






Նախերգանք 6, Ֆամինոր, fis-moll


Երիտասարդը ծերունու աշակերտն էր: Նա կոշկակարություն էր սովորում, և, ինչպես ծերունին էր վստահեցնում՝ բավականին հաջող:Այժմ վարպետությամբ նա գրեթե ոչինչով չէր զիջում իր ծեր ուսուցչին, նույնիսկ ինչ-որ առումով և գերազանցում էր: Որովհետև ուժեղ էր: Իսկ ուժերն արդեն հրաժեշտ էին տալիս ծեր ուսուցչին, և երիտասարդը տեսնում էր, ինչպես է տարին տարու վրա զառամում ուսուցիչը: Ու ծեր վարպետը խոստացավ արհեստանոցը կտակել իր աշակերտին...


Մի անգամ՝ դա գարնանն էր, երբ աշխատանքային օրն արդեն ավարտված էր, ծեր կոշկակարը առաջարկեց, նախքան նրանք կգնային տներով, մի-մի թաս ջահել գինի խմել:


-Ինչպես կասեք, ուսուցիչ: Ես չեմ շտապում: Միևնույնն է, վաղ ժամի մայրս ինձ տանը չի սպասում:


-Իսկ ինձ սպասում են, բայց բանը նրանում է, որ ես չեմ ուզում տուն գնալ:


Երիտասարդը ոչինչ չասաց: Նա սեղանից հավաքեց ողջ անպետքությունը, և բերեց ալյումինե բաժակներն ու գինու շիշը՝ գնված նախորդ շաբաթ շուկայից՝ ճաշի ժամի ընդմիջմանը: Այնժամ՝ շուկայում, ծեր կոշկակարը և ասաց երիտասարդին.


-Կյանքը՝ դա մի մեծ շուկա է: Այ դու, օրինակ, ի՞նչ ես մտածում, երբ շուկա ես գնում:


-Որ ես ինչ-որ բան կգնեմ,-պատասխանեց երիտասարդը:


-Ճիշտ է: Ահա և ողջ կյանքը: Կյանքին պետք է վերաբերվել ճիշտ այդպես: Որ դու ինչ-որ բան կգնես, կամ որ, ինչ-որ մեկը ինչ-որ բան կգնի քեզնից:


Այնժամ՝ մեկ շաբաթ առաջ, զրույցը հենց այդտեղ էլ ավարտվեց, ու ջահել կոշկակարը դեռ ուզում էր շարունակել այդ թեման, բայց չէր համարձակվում… Եվ ահա հիմա՝ այս երեկո, գինու հետևից խորթանոց գնալով, ջահել կոշկակարը մտածում էր, որ մոտեցել է հարմար պահը:


Ծեր կոշկակարը հանեց իր երկար սև գոգնոցը, լվացվեց, սանրեց ճերմակ մազերն ու սեղան նստեց: Երիտասարդը սկսեց գինի լցնել, ու, ասես, հենց այնպես, սկսեց.


- Լսեք, ուսուցիչ, իսկ շուկայի առումով ես ձեզ հետ համամիտ չեմ…


-Ինչի՞ մասին ես խոսում, մանչուկ,- ծերուկը մի ումպ գինի խմեց ու ճվաց հաճույքից:


-Հիշու՞մ եք: Շուկայի ու կյանքի առումով:


-Իսկ ես ի՞նչ եմ ասել:


-Որ կյանքն ու շուկան՝ դա նույն բանն է, ու դրանց նույն կերպ է պետք վերաբերվել:


-Ճիշտ է: Ես քեզ մաքուր ճշմարտություն եմ ասել:


-Բայց ես համամիտ չեմ:


-Իսկ միգուցե դու դեռ շատ ջահե՞լ ես՝ ինձ հետ չհամաձայնելու համար:


-Դա նշանակությու՞ն ունի:


-Իհարկե: Ապրիր այնքան, որքան՝ ես, ու ումեն ինչ կհասկանաս:


-Բայց կյանքը չի կարող միայն առուծախ լինել... Բա գեղեցիկը՞:


-Ի՞նչ ես դու հասկանում գեղեցիկ ասելով, կամ՝ ի՞նչ գեղեցկություն ես տեսնում շուրջդ:


Երիտասարդը նայեց շուրջ բոլորը ու մտածեց, որ իրապես, այս պահին ոչ մի գեղեցկություն չի նկատում իր շուրջը:


-Բայց եթե մենք փողոց դուրս գանք ու նայենք երկնքին, մենք կտեսնենք աստղերը...,- ասաց նա՝ մտածելով:


-Ոչ մի չոռ էլ չենք տեսնի,- ծերուկը ծիծաղեց,- չէ՞որ առավոտից անձրև էր տեղում: Դու մոռացե՞լ ես: Երկնքում ծայրեծայր թուխպեր են: Չէ, մանչու՛կ, դու հաստատ խելառ ես: Ո՞նց կտեսնես աստղերը, եթե երկինքը ամբողջությամբ ամպերի մեջ է: Ծիծաղելի ես դու, ազնիվ խոսք…






Նախերգանք 7, Սոլ մինոր, g-moll.


Իսկ հետո ձյուն տեղաց, ու քաղաքն անմիջապես վերափոխվեց: Հողն արդեն մեռած ու սառած էր (աշունն ավելի շուտ մեռավ, քան սպասվում էր), ու ձյունը նստում էր ու չէր հալչում, ու իր տակ թափված տերևներն էր թաքցնում՝ Աշնան վերջին գեղեցկության ու մահվան վկայությունը: Ձյունը տեղում էր խոշոր փաթիլներով, ու սուլում էր քամին, ու թվում էր, որ Ձմեռը ցանկանում է լրացնել ինչ-որ բաց թողած ու կորցրած մի բան….






Թարգմանությունը՝ Սաթե Հովակիմյանի





Արմավ գրական-գեղարվեստական, մշակութային կայքէջ